National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.03.2018
Խորհրդարանն ընտրել է Հանրապետության չորրորդ նախագահին
1 / 25

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրինագիծը, որից հետո պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու հարցի վերաբերյալ: Նշենք, որ այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի մարդկային եւ մասնագիտական որակների մասին, բարձր գնահատել նրա անցած մասնագիտական ուղին, գիտելիքներն ու սկզբունքայնությունը քաղաքական կենսագրությունում: «Հրայր Թովմասյանը պետական մտածողություն ունեցող գործիչ է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Թեկնածուի գործունեությանն է անդրադարձել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես անդրադարձել է Հրայր Թովմասյանի աշխատանքային կենսագրության առաջընթացին, նրա՝ տարիներ առաջ ունեցած ընդդիմադիր գործունեության դրվագներին: Պատգամավորը խոսել է նաեւ դատական համակարգի խնդիրներից, ներկայացրել մեր երկրում քաղաքական առաջընթաց ունենալու վերաբերյալ իր պատկերացումները:

Պատգամավորները ծանոթացել են նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետներին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության դրական դիրքորոշումը փոխանցել է Արմեն Ռուստամյանը: Խմբակցության ղեկավարը կարեւորել է Հրայր Թովմասյանի առաջադրումը, անդրադարձել նրա մասնագիտական որակներին՝ ընդգծելով իրավաբանության մեջ նրա լիարժեք գիտելիքները:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Վահրամ Բաղդասարյանը: Նա եւս ողջունելի է համարել Հրայր Թովմասյանի թեկնածությունը, դրվատանքի խոսքերով անդրադարձել նրա աշխատանքային ուղուն: «Ուրախ եմ, որ նման մասնագետ ենք գործուղում Սահմանադրական դատարան»,-շեշտել է Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն շնորհակալություն է հայտնել պատգամավորներին գնահատանքի եւ վստահության համար:

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել, դրանով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցվում է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիային: Նախագծով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ խնդիրներ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ առաջին ընթերցումից հետո կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որից հետո նախագիծը վերջնական կլրամշակվի:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախարարության խնդիրը պետք է լինի օրենքի վերաբերյալ հստակ ռազմավարական ազդակներ հղել հասարակությանը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց բարձրակարգ կրթական եւ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքին:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը խորհրդարանին է ներկայացրել Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 127-րդ եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Նշվել է, որ ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին: Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ խորհրդի որոշմամբ:

Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներին քվեարկության համար՝ հավաստիացնելով, որ իր գործունեության ընթացքում կծառայի ողջ հայ ժողովրդին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Փոփոխությունների նպատակն է բարելավել Հայաստանում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, հստակեցվել են որոշ հասկացություններ: Առաջարկվում է արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի կառավարությանը վերապահել նաեւ դրանց ստեղծման եւ նորացման կարգը, ինչը, ըստ փոխնախարարի, գործող օրենքի բացերից է: Նախագծով արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը: Արյան ազգային ծառայություն հասկացությունն է ներդրվում: Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի ձեռքբերման, փոխանցման, իրացման, եվգենիական փորձերի իրականացման, վերարտադրողական կլոնավորման համար սահմանվել է քրեական պատասխանատվություն:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված հարցերը:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին քվեարկության ամփոփ արձանագրությունը ներկայացնելով՝ ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ ՍԴ անդամ է նշանակվել Հրայր Թովմասյանը:

«ՍԴ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնն ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:

ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար եւ երդվել. «Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի երդմանը»:

Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ կառավարության նախաձեռնությամբ մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am